Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում: Ավելին՝ նրա խոսքով, հարավային ճակատում Կիևը հակահարձակման արդյունքում ազատագրել է 300 քառակուսի կմ տարածք: Ուկրաինան դեռ վերահսկում է Դոնեցկի մարզի մեկ հինգերորդը, Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել գրեթե ամբողջ Լուգանսկի մարզի նկատմամբ:
Զելենսկին հայտնել է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը պահանջում են, որ Կիևը դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի հենց վաղը: Կիևը հրաժարվում է ենթարկվել այս պահանջին: Կիևից նաև պահանջում են նախագահի ընտրություն անցկացնել: Զելենսկու խոսքով՝ դա տեղի կունենա միայն անվտանգության լուրջ երաշխիքների դեպքում: Ուկրաինայի նախագահը հավելել է՝ Կիևը ցանկանում է, որ խաղաղության դեպքում ուկրաինական ուժերի հետ առաջնագծի մոտ տեղակայվեն նաև դաշնակիցների զորքերը՝ կանխելու հետագա ագրեսիան:
Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Գիշերը ռուսական ուժերի հարվածից Սումիում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա: Օդեսայում վնասներ են արձանագրվել բնակելի տներում և ուսումնական հաստատությունում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 77 անօդաչու խոցելու մասին: Մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Ուդմուրտիայում 11 մարդ է վիրավորվել: