Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպում է անցկացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: Հանգամանալից տեխնիկական քննարկումները, Գրոսսիի խոսքով, տեղի են ունեցել ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցություններին ընդառաջ: Փետրվարի 17-ին Ժնևում կկայանա Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ կրկին Օմանի միջնորդությամբ:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է փոխզիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Նրա խոսքով՝ որպես փոխզիջման կամքի ապացույց՝ Իրանը կարող է քննարկել 60 տոկոս հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը: Նա ևս մեկ անգամ կրկնել է՝ համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը և Իրանից չպահանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Վաշինգտոնը ցանկանում է հասնել խնդրի բանակցային կարգավորման: «Ոչ ոք չի կարողացել Իրանի հետ հաջող գործարք կնքել, բայց մենք կփորձենք»,- ասել է նա: Իսկ տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումը, Ռուբիոյի խոսքով, նպատակ ունի պաշտպանել այնտեղ գտնվող ամերիկյան ուժերը, եթե դրանց որևէ վտանգ սպառնա:
Թեմային է անդրադարձել նաև Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ համաձայնագրով ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Իրանը երկրից դուրս բերի հարստացված ուրանի պաշարները, ուրանի հետագա հարստացումը պետք է արգելվի, իսկ Թեհրանի հրթիռային ծրագիրը պետք է սահմանափակվի:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: