Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, նկատեց՝ դժգոհություններ կան քաղաքացիների և գործատուների կողմից՝ կապված ID քարտերի հետ: Նա հետաքրքրվեց՝ որքանով են համոզված, որ ID քարտերի նոր տարբերակը տարվա վերջին լինելուց հետո կհասցնեն, օրինակ՝ մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը բոլորին ապահովել այդ քարտերով:
Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը ասաց՝ համոզված են այնքանով, որ նոր համակարգը նոր օպերատորով, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրվող, չի ունենալու թողունակության խնդիր, իսկ այսօր ունենք սահմանափակում՝ կապված օրական թողարկվող քարտերի հետ:
«Նոր համակարգի դեպքում, չեմ ասի անսահմանափակ, բայց մեր բնակչության թվի համար սահմանափակումները, ըստ էության, չեն երևալու: Դրանք տրվելու են շատ արագ: Այդ առումով մենք հավաստիացումներ ունենք ՆԳ նախարարության մեր գործընկերներից, և դա տեղի է ունենալու»,- նշեց նախարարը՝ քաղաքացիներին հորդորելով անցնել թվային գործիքների:
«Ես՝ ինքս, իմ ID քարտը հանել եմ, երբ դրանք նոր սկսեցին տպագրվել, 500-րդ համարն եմ եղել, որովհետև հավատացել եմ դրան, որովհետր դա ավելի թափանցիկ և ճիշտ եղանակ էր բոլոր գործերը կարգավորելու»,- նշեց Արսեն Թորոսյանը: