Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ Կառավարությունը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում:
Որոշման նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ասաց՝ նախագծի քննարկումը արտահերթ նիստում քննարկելու հրատապությունը պայմանավորված է նրանով, որ կարիք կա մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատշաճ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում և մեկնարկած բարեփոխումներում:
Թորոսյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որով սահմանվել է, որ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու են բացառապես թվային համակարգով, ինչպես նաև որոշվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվելու գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար:
«Այս փոփոխությունները համահունչ են եղել Կառավարության թվայնացման քաղաքականությանը, և ըստ էության, ուժի մեջ են մտել, և թվային համակարգերն աշխատում են, այսինքն՝ հենց հիմա էլ այդ գործողությունները տեղի են ունենում թվային, էլեկտրոնային եղանակով: Աշխատակիցները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրեր կնքելով միայն այդպես»,- տեղեկացրեց նախարարը:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը, աշխատողների աշխատանքային իրավունքների իրացումը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր: Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով:
Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում՝ 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն:
«Միևնույն ժամանակ, կարևոր է նաև փոխկապակցել այս բարեփոխումը մեկ այլ բարեփոխման հետ, որը պակաս կարևոր չէ: Դա նոր տեսակի միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է, որն արդեն մտել է վերջնական փուլ, և մենք այս տարեվերջից կունենանք նոր տեսակի նույնականացման քարտեր»,- ասաց Թորոսյանը:
ԱԺ ներկայացված նախագծով առաջարկը, ըստ նրա, հետևյալն է՝ հետաձգենք 1 տարով, այսինքն՝ պարտադիրը ուժի մեջ մտնի 2027-ի հունվարի 1-ից, բայց ուժի մեջ դնելու պարտադիր կոմպոնենտը մտնի 2028-ի հուլիսի 1-ից, որպեսզի նույնականացման քարտեր ստանալու համար հերթեր ու խոչընդոտներ չլինեն:
Կարգավորումներ են նախատեսվում նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով: