Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ը՝ Ժնևում, Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ բանակցությունների նոր փուլը նույնպես կանցկացվի եռակողմ ձևաչափով։
Զելենսկու գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինան կմասնակցի Ժնևում կայանալիք բանակցություններին։ Բանակցությունների ամենասուր հարցը տարածքային զիջումներն են։ Աբու Դաբիում երկրորդ հանդիպումից հետո տեղի ունեցավ հինգ ամսվա ընթացքում գերիների առաջին փոխանակումը։
Զելենսկին նշել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահի հնարավոր ընտրությանը զուգահեռ տարածքների հարցով հանրաքվե անցկացնելուն, սակայն, նրա խոսքով, քվեարկության դրված խաղաղության գործարքը պետք է համապատասխանի Ուկրաինայի շահերին։ Նա շեշտել է, որ ավելի լավ է խաղաղություն չկնքել, քան կնքել վատ պայմաններով: Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան չի պարտվում: