Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի գործողությունը: Այդ միջոցը չի տարածվում Վրաստանի սովորական քաղաքացիների վրա։
Լրատվամիջոցները նշում են, որ ԵՄ անդամ 27 երկրներից այդ որոշմանը դեմ են քվեարկել Հունգարիան և Սլովակիան, սակայն նրանք ևս պարտավոր կլինեն գործել ընդհանուր որոշման շրջանակներում: Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի սկզբին։
Ավելի վաղ Վրաստանի նկատմամբ նման միջոցներ են միակողմանի կարգով սահմանել Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան:
Իշխող «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան նշել է, որ այդ մեխանիզմի գործարկումն անսպասելի չէր Թբիլիսիի համար: Նրա խոսքով՝ դա միակ գործիքն էր, որը դեռևս մնացել էր Բրյուսելի զինանոցում: