Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Ադրբեջանում պահվող հայերի մասին համատեղ հայտարարությամբ: Պաշտոնյաները դատապարտել են 19 հայ պահվող անձանցից 15-ի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռները:
Փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հաշտեցման ուղղությամբ նշանակալի քայլեր են ձեռնարկվել, ստորագրվել է Վաշինգտոնյան հռչակագիրը, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագրի տեքստը, տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով բեռներ են ուղարկվել Հայաստան: Պատգամավորները հիշեցրել են, որ Բաքուն նաև ազատ է արձակել Ադրբեջանում պահվող 4 հայի:
«Հաշվի առնելով այս զարգացումները՝ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին այսուհետ էլ զարգացնել դրական դինամիկան և ազատ արձակել բոլոր հայ կալանավորված անձանց»,- ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նրանց ազատ արձակումը կլինի բարի կամքի նշանակալի դրսևորում և ևս մեկ կարևոր քայլ՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ուղղությամբ։