Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին, համոզմունք հայտնել, որ Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա, նույնիսկ եթե այդ երկրի վրա հարձակում լինի։
Միևնույն ժամանակ, Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ տարածաշրջանը չի դիմանա ևս մեկ պատերազմի, նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ պատերազմը կանխելու համար։
Ֆիդանը տեղեկացրել է, որ Իրանի ԱԳ նախարարի և ամերիկյան կողմի հետ քննարկել է օրերս Օմանում տեղի ունեցած Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները, որոնք կենտրոնացած են եղել իրանական միջուկային ծրագրի վրա: Նրա խոսքով՝ կողմերի միջև լարվածությունը պահպանվում է, սակայն նրանք կամք են ցուցաբերել շարունակելու բանակցությունները։ Ֆիդանը կարծիք է հայտնել, որ հանկարծակի պատերազմի անմիջական սպառնալիք չկա։
Դիվանագետը հավելել է, որ բանակցություններում առաջնային թեման պետք է լինի Իրանի միջուկային, այլ ոչ հրթիռային ծրագիրը, քանի որ վերջինն ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ ազգային անվտանգության հետ: