ԱՄՆ իշխանությունները 14 լցանավ են ավելացրել Իրանի հետ կապված պատժամիջոցային ցուցակներում՝ հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: Սահմանափակումներ են կիրառվել նաև 15 ընկերության դեմ, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից, ինչպես նաև երկու ֆիզիկական անձի։
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ պատժամիջոցները կապված են իրանական նավթի, նավթամթերքի ապօրինի առևտրի հետ: Սահմանափակող միջոցները կիրառվել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացի ֆոնին։
Ավելի վաղ Օմանի մայրաքաղաքում ավարտվել էր բանակցությունների հերթական փուլը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունները ինտենսիվ են եղել։