Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton հեռահար էլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը մի քանի ժամ տևողությամբ անընդմեջ թռիչքներ են իրականացրել Իրանի հարավ-արևելքում` Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի վրայով։
Վերջին երկու օրերի ընթացքում իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքերը թռիչքներ չեն կատարել այդ տարածքներում երեքշաբթի տեղի ունեցած միջադեպից հետո, երբ F-35C Lightning II կործանիչն Արաբական ծովում խոցել էր իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրին։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM) Իրանի զինված ուժերին զգուշացրել է, որ չի հանդուրժի վտանգավոր մանևրներ, ինչպիսիք են թռիչքներն ամերիկյան ռազմանավերի վրայով կամ արագընթաց մոտորանավակների մոտեցումը ռազմանավերին:
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին նավթային լցանավերի մի մասը սկսել է շատ արագ անցնել Հորմուզի նեղուցով: Նավատերերը զգուշանում են նավագնացության ռիսկերից՝ Թեհրանի հնարավոր զորավարժությունների և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման մասին հայտարարություններից հետո։