Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնիայի KOMAIHALTEC ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ողջունել է կողմերին և կարևորել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայական քաղաքականության առաջնահերթություններին։
Այս նախաձեռնությունը միավորում է պետության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգիայի կիրառման խթանմանը։
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մինչև 2050 թվականը ցածր ածխածնային զարգացման ռազմավարություն, և այս նախագիծը կարող է դառնալ արդյունաբերական զարգացման և կլիմայական պատասխանատվության հաջող համադրության օրինակ։
Կողմերը լիահույս են, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և կծառայի միջազգային լավագույն փորձի ներդրմանը։