Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կտևեն տարիներ, իսկ նման հնարավորության դեպքում Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության, և դա պետք է հաշվի առնվի։
Նա հավելել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ որ միավորման մեջ լինել: Օվերչուկը հավելել է, որ Հայաստանի ընտրությունը կազդի ոչ միայն տնտեսական հարաբերությունների, այլև «մնացած ամեն ինչի» վրա։
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ի հետ իր կապերի կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ, Հայաստանում մեծ թվով մարդիկ ցանկանում են ավելի սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ։
«Նրանք հանդիպում են, զրուցում, ստորագրում փաստաթղթեր։ Սա, առաջին հերթին, վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը և Եվրամիության ստանդարտների ներդրմանը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա շեշտել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հարցերին, քանի որ դա կարևոր է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի պահպանման համար: Հայաստանի կողմից ներկայումս ընտրվող ստանդարտները, ըստ Օվերչուկի, չեն հակասում ԵԱՏՄ-ում առկա ստանդարտներին։