«Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում նախատեսվող լրացումները պայմանավորված են լիազորությունների լայն շրջանակ և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար բարեվարքության ստուգման կառուցակարգեր ներդնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ սահմանվում է, որ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաև նախարարների տեղակալների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է իրականացնի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
«Ուսումնասիրությունը ներառելու է նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված նույն անձանց նախորդ հայտարարագրերի տվյալների հետ, եթե այդպիսիք առկա են»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ իրականացված բարեվարքության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ԿԿՀ-ն պետք է տրամադրի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն: Այն պետք է ներառի անձի գույքային դրության և մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերն ու դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկները:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Գևորգ Քոչարյանը նշել է, որ տրամադրվելիք եզրակացությունը չի լինելու հրապարակային:
Կարևորելով նախաձեռնության ընդունումը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է, որ բարեվարքության ստուգում անցնեն խորհրդարանի կողմից նշանակվող բոլոր պաշտոնատար անձինք: Կառավարության ներկայացուցիչն առաջարկն ընդունելի է համարել:
Նիստում հնչել են նաև այլ առաջարկներ, որոնք առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: