ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:
«Ռուսաստանը բոլոր հանգամանքներում հավատարիմ է իր գործընկերների նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները պայմանագրային-իրավական ամուր հիմք ունեն, որով ամրագրվում է այդ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը»,- ասված է ԱԳՆ հրապարակման մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և գաղափարախոսական սերտ կապերը։
«ԵԱՏՄ-ին անդամակցությունն էլ իրական, շոշափելի օգուտներ է բերում Հայաստանին։ Բացի դրանից՝ Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մենք աջակցում ենք Կազմակերպության աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությանը»,- ընդգծում են ՌԴ ԱԳՆ-ում։
Նշվում է, որ Ռուսաստանը հաստատում է իր դերակատարումը որպես Հայաստանի հիմնական և հուսալի առևտրային ու ներդրումային գործընկեր, պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր: Ըստ գերատեսչության՝ նաև առկա է օրինակ՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժ:
Ռուսական կողմը հույս է հայտնում, որ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու՝ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը չի ենթադրում «ավանդական դաշնակիցների հետ գործակցության կրճատում»: Նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծիք է հայտնել, թե իբր Եվրամիության հետ մերձեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի համար, և իբր կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ: