Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ենթակառուցվածքների տարածաշրջանային պրակտիկայի տնօրեն Չարլզ Քորմիերին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդե Փրայսին։
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինության ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։
Նախարար Թորոսյանն ընդգծել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ համատեղ իրականացված ծրագրերն իրենց ներդրումն են ունեցել սոցիալական քաղաքականության բարելավման և հասցեական աջակցության տրամադրման գործում։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերին, մասնավորապես՝ կարևորելով բնակապահովմանն ուղղված աշխատանքների դերը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ շեշտելով բնակարանային ոլորտի ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման, բնակարանների հասանելիության ընդլայնման և հիփոթեքային շուկայում երկարաժամկետ ֆինանսավորման խթանման կարևորությունը։