Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ-ից հնչող նախազգուշացումներին, հայտարարել՝ չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական և հրթիռային կարողությունների հարցը, առավել ևս՝ փոխզիջումների գնալ: «Իրանի ժողովրդի անվտանգությունը ոչ մեկի գործը չէ, կընդլայնենք մեր պաշտպանական կարողությունները: Եթե բանակցությունները արդար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց»,- մանրամասնել է Աբաս Արաղչին, հավելել՝ հարկավոր է լուծել միջուկային գործարքի հետ կապված խնդիրները և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները, ինչից հետո Վաշինգտոնը և Թեհրանը կարող են գործակցել տնտեսական ոլորտում:
«Բազմիցս ասել ենք՝ պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ ենք նաև պատերազմի»,- շեշտել է իրանցի դիվանագետը։ Թեհրանից նախազգուշացնում են՝ Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում թիրախում կհայտնվի նաև Իսրայելը:
Արաղչին նաև հերքել է լուրերը, որ վերջին ցույցերի ընթացքում 30.000 մարդ է զոհվել: Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ երկրում ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ: Իրանցի դիվանագետը նաև անիրատեսական է որակել երկրում իշխանափոխությունը, ընդգծել՝ համակարգը ամուր է և գործում է:
Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ երկրի իշխանությունը պարտավոր է վերանայել իր վարքագիծը և գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան:
«Վերջին փորձը ցույց է տվել, որ թշնամիները, ներառյալ՝ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են պառակտել Իրանը»,- նշել է Մասուդ Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ հարկավոր է լսել խաղաղ ցուցարարներին և լուծել նրանց իրական խնդիրները: