Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել են Վրաստանում ընթացող գործընթացները:
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը:
Կոնգրեսի պատվիրակությանն ընդունել է նաև Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին: Քննարկվել են Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները, Վրաստանում ընթացող գործընթացները։