Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները՝ ընդգծելով հաղորդակցությունների ոլորտում Հայաստանի և Բուլղարիայի միջև ստեղծվող նոր հնարավորությունները։