Հունվարի 26-ն աշխարհում նշվում է որպես Մաքսային ծառայողի միջազգային օր: Այս օրը միավորում է աշխարհի մաքսային ծառայողներին և խորհրդանշում նրանց կարևոր ու պատասխանատու առաքելությունը։ Այն սահմանվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից՝ ի նշանավորումն 1953 թվականի հենց այդ օրը Բրյուսելում կայացած Մաքսային համագործակցության խորհրդի առաջին նիստի, որը դարձավ միջազգային մաքսային համագործակցության հիմքը։ Օրվա նպատակն է արժևորել մաքսային ծառայողների նվիրված ծառայությունը և ևս մեկ անգամ ընդգծել մաքսային ծառայությունների առանցքային դերը միջազգային առևտրի դյուրացման, տնտեսական անվտանգության ամրապնդման, օրինականության պահպանման և մաքսային իրավախախտումների դեմ պայքարին ուղղված գործում։ Այս մասին հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից:
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը յուրաքանչյուր տարի ընտրում է տարվա ռազմավարական թեմա, որը ծառայում է որպես ուղենիշ աշխարհի մաքսային ծառայությունների համար՝ կենտրոնացնելով նրանց ջանքերը մեկ կարևոր և առաջնահերթ ուղղության վրա։ Մաքսային մարմինների ամենօրյա զգոնությունն ու բարձր պատասխանատվությամբ իրականացվող ծառայությունը՝ ուղղված սահմաններին ի հայտ եկող բազմազան և փոփոխվող սպառնալիքների բացահայտմանն ու կանխարգելմանը, էական նշանակություն ունի հասարակությունների տնտեսական և սոցիալական բարեկեցության տեսանկյունից։
Այս համատեքստում 2026 թվականի հունվարի 26-ը նշանավորվում է «Մաքսային ծառայությունը պաշտպանում է հասարակությունը զգոնության և նվիրվածության միջոցով» խորագրի ներքո, որը կոչված է ընդգծելու մաքսային ծառայությունների կարևոր դերը համընդհանուր մակարդակում, խթանելու երկրների շարունակական մաքսային բարեփոխումները, մաքսային մարմինների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև իրազեկվածության բարձրացումը թե՛ մաքսային ծառայողների, թե՛ հասարակության շրջանում։