Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:
Ֆորումի ընթացքում կայացել են բարձր մակարդակի հանդիպումներ միջազգային առաջատար ընկերությունների և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Schneider Electric ընկերության ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգերի և հանրային ենթակառուցվածքների ոլորտում ռազմավարական համագործակցության հեռանկարները։
Հատուկ ուշադրություն է դարձվել խոշոր էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ժամանակակից էլեկտրաէներգետիկ և խելացի էներգետիկ լուծումների ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի դերի ամրապնդմանն այս ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև երկարաժամկետ ներդրումային ծրագրերը, տեխնոլոգիական փոխանցման հնարավորությունները և հետազոտական ու զարգացման (R&D) կենտրոնի ստեղծման հեռանկարները։

Ֆորումի շրջանակներում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության Էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար, ֆինանսների գործող նախարար, տնտեսական հարցերի և ներդրումների պետնախարար, դոկտոր Սաբիհ Աբդուլազիզ ալ-Մուխաիզիմի հետ: Տվյալ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` կարևորելով երկու երկրների միջև համագործակցության զարգացման ներուժը։
Բացի այդ, նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Dell Technologies ընկերության հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն Մայքլ Դելլի հետ, ինչպես նաև մասնակցել է Global Labour Resilience Index-ի 2026 թվականի թողարկմանը և որպես խոսնակ հանդես եկել պանելային քննարկմանը։