Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ, հանդիպել կղզու վարչապետի և բնակիչների հետ: Նա ընդգծել է Դանիայի Թագավորության համախմբվածության և համատեղ քաղաքական ապագայի կարևորությունը։
«Գրենլանդիայում եմ՝ ցույց տալու Կոպենհագենի աջակցությունը կղզու ժողովրդին: Շատ բարդ ժամանակներում ենք ապրում»,- ասել է Ֆրեդերիկսենը: Դանիայի վարչապետը հավելել է, որ սերտորեն գործակցում են Գրենլանդիայի իշխանությունների հետ և դիվանագիտական աշխատանքներ են կատարում:
Այս այցը տեղի է ունեցել Գրենլանդիայի ապագայի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ կղզին պետք է լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ, այլապես այն կարող են գրավել Ռուսաստանը կամ Չինաստանը:
Օրերս Դավոսում Թրամփը հայտարարեց, որ գործարքի են հասել, և Միացյալ Նահանգներն անսահմանափակ հասանելիություն կստանա Գրենլանդիային: