Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը հարգելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր կողմից կանգնեցված ութ պատերազմներից մեկն է: Հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։
«Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման» նախագիծն առաջ մղելու համար։
Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ: Մենք կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ: Մենք կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ Ադրբեջանին, այդ թվում՝ զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն», - ընդգծել է Թրամփը:
Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որն օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է:
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածով: