Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մերժել է Սեբաստիան Լըկորնյուի կառավարության նկատմամբ երկրորդ անվստահության քվեն, որը ներկայացրել էր աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը: Այն ստացել էր 142 պատգամավորի աջակցությունը, մինչդեռ հաստատման համար անհրաժեշտ էին 577 ձայնից 289-ը։
Ավելի վաղ Ազգային ժողովը մերժել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության նմանատիպ բանաձևը, որը ստացել էր 269 պատգամավորի աջակցությունը։
Երկու քվեն էլ ներկայացվել էր այն բանից հետո, երբ վարչապետը՝ առանց խորհրդարանական քվեարկության, կառավարության պատասխանատվությամբ ընդունել էր 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքը։ Լըկորնյուն ավելի վաղ խոստացել էր չօգտագործել այդ միջոցը, սակայն խորհրդարանական քննարկումների մի քանի փուլի անհաջող ավարտից հետո նա հայտարարել էր, որ ստիպված կլինի դիմել ծայրահեղ միջոցների։
2026 թվականի բյուջեի մասին օրենքում կառավարությունն ակնկալում է կրճատել ծախսերը բոլոր ոլորտներում, բացառությամբ պաշտպանության, որտեղ, ընդհակառակը, նախատեսվում է ավելացնել ծախսերը 6,7 միլիարդ եվրոյով։