Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախկին դեսպան Տկն Սերենադ Գամիլը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրամանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի Պատվո մեդալով։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ արտաքին գործերի նախարարի անունից պետական պարգևը հանձնել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը՝ հունվարի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում։
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերենադ Գամիլն անդրադարձել է Հայաստանում ծավալած իր դիվանագիտական առաքելությանը, իրականացրած ծրագրերին, դրվատանքով և խորը հարգանքով խոսել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության և հայ ժողովրդի մասին՝ երախտագիտություն հայտնելով գնահատանքի և կառավարական պարգևի արժանանալու համար։
ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպան Սերենադ Գամիլին հայ-եգիպտական երկկողմ համագործակցության հետագա խորացման և առաջմղման ոլորտում գործադրած ջանքերի համար՝ շեշտելով հանդիպումների և անձնական բնույթի կապերի պահպանման և շարունակականության ապահովման կարևորությունը։