Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։ Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից՝ հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում, պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում, ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։