Միջազգային Խաղաղության խորհրդին (ֆորումին) մշտական անդամակցության համար շրջանառվող 1 միլիարդ դոլար անդամավճարի մասին տեղեկությունը դեռևս հստակեցման և քննարկման կարիք ունի, քանի որ այն կարող է զուտ քաղաքական հայտարարություն լինել։ Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է վճարել այդ գումարը։
Պատգամավորը նշել է, որ ֆինանսական պարտավորությունների հարցը դեռ հստակեցման կարիք ունի և գտնվում է քննարկման փուլում։
«1 միլիարդ դոլարի մասին հայտարարությունը, կարծես թե, քաղաքական հայտարարություն է եղել... Պետք է ուսումնասիրել՝ արդյոք ՀՀ բյուջեն ունի՞ նման հնարավորություններ այդ գործընթացին մասնակցելու համար: Բայց, այնուամենայնիվ, ընդունելով այդ առաջարկը՝ Հայաստանը դառնում է այդ ֆորմատի հիմնադիր անդամ»,- ասել է Խանդանյանը։
Միևնույն ժամանակ Խանդանյանն ընդգծել է, որ անկախ ֆինանսական մանրամասներից՝ Հայաստանի համար էական է նման հարթակներում ներգրավվածությունը։
«Շատ կարևոր է, որ Հայաստանը հրավեր է ստացել այս կարևոր նախաձեռնությանը մասնակից դառնալու»,- հավելել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը: