Շվեյցարիայի Դավոս լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 19-ին մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ), որն անցկացվում է «Երկխոսության ոգի» կարգախոսի ներքո։ Այն կտևի մինչև հունվարի 23-ը։
Այս տարի միջոցառմանը մասնակցելու է 3000 մարդ՝ 130 երկրից, այդ թվում՝ մոտ 400 բարձրաստիճան պաշտոնյա և քաղաքական առաջնորդ, 65 պետության և կառավարության ղեկավարներ, էկոնոմիկայի և ֆինանսների 55 նախարար, արտաքին գործերի 33 նախարար, առևտրի և արդյունաբերության 34 նախարար, 11 կենտրոնական բանկի կառավարիչներ, ինչպես նաև բիզնեսի, ՀԿ-ների ներկայացուցիչներ ու գիտնականներ։
Քննարկման հիմնական թեմաներն են աշխարհաքաղաքական լարվածությունը, Ուկրաինայում պատերազմը, անդրատլանտյան հարաբերությունները, գլոբալ տնտեսական անվտանգությունը, տեխնոլոգիական վերափոխումը, արհեստական բանականությունը և կայուն զարգացումը։
Ֆորումի մասնակիցների թվում են լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Մուստաֆան, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը։
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
Այս տարի Դավոսի ֆորումին չի մասնակցի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Պատճառը վերջին շաբաթներին Իրանում քաղաքացիական անձանց ողբերգական մահերն են:
Դավոսի գագաթնաժողովի համար ներդրվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ։