Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինը։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա մերձեցմանն ու զարգացմանը»,- նշել է նախագահը։
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն է և կարևոր գործընկեր Ծոցի տարածաշրջանում՝ արձանագրելով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների առավել ակտիվ զարգացման միտումը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությանը և Կատարի Պետությանը կապում են բազմաբնույթ և ամուր կապեր, որոնց հիման վրա մենք կարող ենք շարունակաբար զարգացնել և ընդլայնել մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարները։ Կարևորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրումների ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև իրականացված բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու գործընկերության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն։