Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի առաջարկը՝ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինը իսկապես խաղաղություն է ցանկանում, իսկ այս պահին ես դա չեմ տեսնում»,- ասել է պաշտոնյան ամերիկյան Politico հրատարակության հետ հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ հիմնական դիվանագիտական ջանքերն այժմ իրականացնում են Ուկրաինան և նրա մերձավոր դաշնակիցները։ «Մենք տեսնում ենք հսկայական նվիրվածություն այն աշխատանքին, որն Ուկրաինան կատարում է Միացյալ Նահանգների հետ համատեղ և Եվրոպայի աջակցությամբ՝ խաղաղ կարգավորման ծրագրեր մշակելու համար, ներառյալ անվտանգության երաշխիքները: Մինչդեռ Կրեմլի առաջնորդը պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։
Իվետ Կուպերի խոսքով՝ Պուտինի հետ խոսելու փոխարեն, Ուկրաինայի դաշնակիցները պետք է մեծացնեն ինչպես տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատժամիջոցների միջոցով, այնպես էլ ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ պատերազմը դադարեցնելու համար։
2025 թվականի դեկտեմբերին Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզության գնահատականներով՝ Վլադիմիր Պուտինը նախկինի պես ձգտում է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքի վրա՝ չնայած խաղաղություն կնքելու ցանկության մասին հրապարակային հայտարարություններին։