Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
Կոմիտեի նախագահը նախ շրջայց է կատարել Վեդու ջրամբարի տարածքում՝ տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ջրամբարի շահագործման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի։
Այցի շրջանակում Արամազդ Ղալամքարյանը ծանոթացել է նաև մարզում ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված՝ ներկայում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։
Նա այցելել է նաև «Արարատ» ՋՕԸ, որտեղ ընկերության տնօրեն Նշան Հակոբյանի հետ քննարկվել են ոռոգման սեզոնին նախապատրաստման, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման, ենթակառուցվածքների արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվել են համապատասխան առաջարկներ։
Օրվա վերջում իրականացվել է շրջայց «Արազափ-1», «Արմաշ» և «Սուրենավանի հորիզոնական» պոմպակայաններում, ինչպես նաև տարածքի մի շարք ինտենսիվ այգիներում և օրվա կարգավորող ջրավազաններում:
