Մեր արձանագրումն այն էր, որ մեր պրոբլեմը ինքներս պետք է հասկանանք, մենք պետք է որոշումներ կայացնենք, թե ինչ ենք անում և ինչ ճանապարհով ենք գնում: Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը կլինի շատ ավելի կոնկրետ և շատ ավելի առարկայական: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու:
Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում:
Եկեք մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք. ըստ էության՝ աշխարհը փոթորկվում է, իսկ ՀՀ-ն և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն ՀՀ-Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության, անվտանգության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև TRIPP նախագծին. «Առավոտյան առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին երեկ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIPP նախագծի իրագործման շրջանակի առիթով է ստարագրված: Ուզում եմ բոլորիս շնորհավորել»:
Փաշինյանի խոսքերով՝ հիմա արդեն ակնհայտ է, որ նաև TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ:
«Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի ՀՀ-ին, ԱՄՆ-ին, լիարժեք բավարարում է, իմ կարծիքով [իհարկե, նրանք կարձագանքեն, կտեսնենք] Ադրբեջանին»,- ընդգծեց նա:
Ըստ վարչապետի՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը:
«Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ
համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։