Կենսաթոշակ և նպաստ ստացող 378 հազար քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից, որը բոլոր ստացողների՝ 660 հազարի 57 տոկոսն է, այսինքն՝ դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում է այդքան մարդ, և կարող են օգտվել բոլորը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակառուների և նպաստառումների սոցիալական վիճակի բարձրացմանն առնչվող ծրագրերին:
«Հետվճարի համակարգի ներդրումը պատահական չէ: Այն ունի երկու նպատակ, և մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին, և այդ երկու նպատակը պետք է դիտարկել միշտ միասին»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ առաջին նպատակը կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներին ավելին ստանալու հնարավորություն տալն է: Երկրորդ նպատակը տնտեսության՝ ստվերից դուրս բերելն է, քանի որ հավելյալ հարկեր կհավաքագրվեն, և հնարավորություն կստեղծվի բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները:
«Անգլերեն ասած՝ win-win կամ հաղթանակ-հաղթանակ լուծումն է, որ հաղթում են երկուսը, այսինքն՝ դու ստանում ես քո հետվճարը, նաև գեներացնում ես հավելյալ հարկեր, որով հետվճարը տրվում է»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացման այս նորարարական լուծումն էֆեկտիվ է. «Այսինքն՝ կարծում ենք, որ գործիքն էֆեկտիվ է, դրա համար էլ 12 տոկոսը դարձրել ենք 20 տոկոս, ապագայում գուցե վերանայումներ լինեն»:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հետվճարի միջին չափը 4200 դրամ է:
Հիշեցնենք՝ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10000 դրամով՝ գործող 6000-ի փոխարեն։