Ուկրաինայում բազմազգ ուժերի ձևավորումն ու տեղակայումը որպես անվտանգության երաշխիք հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել զինված ուժեր՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ The Times պարբերականի տվյալով՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են ուղարկել 15000 զինծառայող, իսկ Գերմանիան պատրաստ է Ուկրաինայի մոտ ուժեր տեղակայել:
Կանցլերի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել գործողությունների հաջորդականությունը:
«Գործողությունների հերթականությունը պետք է լինի հետևյալը․ նախ հրադադար, ապա անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և երկարաժամկետ համաձայնագիր Ռուսաստանի հետ։ Դրանցից որևէ մեկը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։ Իսկ մենք դեռ հեռու ենք դրանից»,- նշել է Մերցը: