Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար դեռ հարմար պայմաններ չկան, չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ներկայիս իրավիճակը նպաստավոր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար՝ ամերիկյան քաղաքականության պատճառով»,- Արաղչիի խոսքն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը:
Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը, ինչին Սպիտակ տունն այս պահին չի ձգտում:
Միևնույն ժամանակ, Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Խաթամին հայտարարել է, որ չնայած թշնամական հռետորաբանությանը և Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերին՝ իրանական բանակի մարտական պատրաստվածությունն ավելի բարձր է, քան 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ հակամարտությունից առաջ։ Նա վստահեցրել է, որ երկիրը պաշտպանելու համար բանակը կգործի ամբողջ ուժով։
Բարձրաստիճան զինվորականը նաև հայտարարել է, որ Իրանում տնտեսական դժվարությունների դեմ բողոքող ցուցարարները չեն համագործակցում անկարգությունների մասնակիցների հետ և չեն պատրաստվում հետևել ԱՄՆ-ի ու Իսրայելի քարոզչությանը։ Խաթամին ողջունել է ցուցարարների այդ դիրքորոշումը։