Նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը: «Այժմ Գրենլանդիայի շուրջ ռուսական և չինական նավեր են», - ասել է Թրամփը: Նրա կարծիքով՝ Եվրոպական միության շահերից ևս բխում է, որ Գրենլանդիան անցնի Միացյալ Նահանգների տիրապետության տակ:
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, հիշեցրել է, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է: Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։ «Դանիայի թագավորությունը, և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում և Դաշինքի անվտանգության երաշխիքների տակ է գտնվում», - նշել է վարչապետը:
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն իր հերթին Թրամփի հայտարարությունը «լիովին անընդունելի» է որակել՝ հիշեցնելով, որ Գրենլանդիան տասնյամյակներ շարունակ եղել է ԱՄՆ-ի հավատարիմ բարեկամը:
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն իր հերթին հայտարարել է, որ եթե հարկ լինի ուժեղացնել Գրենլանդիայի պաշտպանությունը, ապա այդ հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի շրջանակում: Ֆինլանդիային և Նորվեգիան Գրենլանդիայի առնչությամբ իրենց աջակցությունն են հայտնել Դանիային, իսկ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին:
57 000 բնակչություն ունեցող կղզին, որը գտնվում է Դանիայի կազմում, 2009 թվականի համաձայնագրով անկախություն հռչակելու իրավունք է ստացել:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան