Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն անդրադարձել է Ակտաուի շրջակայքում Ազալ ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի խոցմանը, նշել, որ Ղազախստանի տրանսպորտի նախարարությանը կից ստեղծված հատուկ հանձնաժողովը միջազգային հետաքննություն է անցկացնում վթարի բոլոր հանգամանքները պարզելու համար: «Ռուսական կողմը սերտորեն գործակցում է հանձնաժողովի հետ: Վերջնական զեկույցի հրապարակման ամսաթիվը դեռ հայտնի չէ, դա կախված կլինի երրորդ երկրների լաբորատորիաներում անցկացվող հետազոտություններից»,- մանրամասնել է Գալուզինը:
Փոխարտգործնախարարը հավատացրել է, որ հանձնառու են լիովին կատարելու Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև այս տարվա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանը կանի ամենը, ինչն անհրաժեշտ է նման ողբերգական դեպքերում»,- հավելել է Միխայիլ Գալուզինը:
Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահը, խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին, ընդգծել էր, որ Ազալի ինքնաթիռի խոցումը չպետք է տեղի ունենար, դա ռուսական կողմի սխալի հետևանքն է եղել: «Իսկ միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը մեծ հիասթափություն է առաջացնում Ադրբեջանում»,- ընդգծել էր Ալիևը: Նա հավելել էր, որ Բաքուն պատասխանատվություն չի կրում հարաբերությունների վատթարացման համար։ Սակայն Դուշանբեում ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։