Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ հստակեցնելով, թե ինչու մինչև այժմ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։
Նախարարը փաստել է, որ պայմանագրի բովանդակային մասի վրա աշխատանքներն ավարտված են, և տեքստը նախաստորագրված է դեռևս օգոստոսին։
«Գործընթացն առաջ գնալու այս պահին բան չունի։ Կամ մենք պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել։ Եվ տեքստը, հիշում եք, դեռ մարտին համաձայնեցվեց, օգոստոսին նախաստորագրվել է, սրա վրա այլևս աշխատանք չկա անելու»։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ հիմնական տարաձայնությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացվող՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։
«Իհարկե, պետք է սա [գործընթացը] ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ ... Նկատի ունեմ իրենց կողմից բարձրացվող Սահմանադրության հարցը, իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք մերը և դեռևս այստեղ համաձայնություն չունենք»։