Կառավարության ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ TRIPP նախագծի հետ կապված՝ Իրանից հնչող մտահոգություններին: Համագործակցության շրջանակում արդյոք կա՞ն չպարզաբանված հարցեր հարևան երկրի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մեծ նախագծերը չպարզաբանված հարցեր միշտ են ունենում, նաև միշտ «արտադրում են չպարզաբանված հարց»:
«TRIPP նախագիծն այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում, երբ մի հարց պարզաբանեցինք, վերջնական պարզաբանվեց, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել: Դրանք լուծեցինք, ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել: Երբ TRIPP-ն արդեն գործնականում սկսեց աշխատել, երկաթուղին էլ եղավ, գազամուղն էլ, նավթամուղն էլ, էլեկտրահոսանքն էլ, ավտոճանապարհն էլ եղավ, էլի ի հայտ են գալու հարցեր, որոնց շուրջ մենք պետք է աշխատենք»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի, թե հաջորդ տարի Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու համատեքստում ի՞նչ քայլերի է պետք սպասել, ռազմավարական փաստաթղթի ստորագրում կլինի՞, Փաշինյանը պատասխանեց. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և մենք ցանկություն ունենք նաև ԻԻՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»: