Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջին անգամ հանդես է եկել Սուրբ Ծննդյան ավանդական Urbi et Orbi կամ՝ Քաղաքին և աշխարհին կոչվող ուղերձով։ Հովվապետի ուղերձը եղել է խաղաղության կոչ՝ ուղղված թույլերին և ճնշվածներին համերաշխ լինելու, ինչպես նաև հիշեցում այն մասին, որ խաղաղությունը բոլորի համատեղ պատասխանատվությունն է։
Պոնտիֆիկոսը հիշատակել է աշխարհում շարունակվող պատերազմները, այդ թվում՝ մոռացված հակամարտությունները, և երկխոսության, զենքերի լռեցման և հաշտեցման կոչ արել։ Նա արդարություն, խաղաղություն և կայունություն է մաղթել Լիբանանին, Պաղեստինին, Իսրայելին և Սիրիային, ինչպես նաև աղոթք խնդրել Ուկրաինայում նահատակվածների համար։ Նա հատուկ հիշել է Սուդանը, Հարավային Սուդանը, Մալին, Բուրկինա Ֆասոն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Հռոմի քահանայապետն աղոթքի է հրավիրել նաև Հաիթիի, Լատինական Ամերիկայի, Մյանմարի, Թաիլանդի և Կամբոջայի համար։ Նա անդրադարձել է նաև Հարավային Ասիային, որը վերջին շրջանում ծանր հարվածներ է կրել ավերիչ բնական աղետներից։
Խաղաղությունն ըստ պապի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդն է, քանի որ Նրա ծնունդն ազատում է մեղքից և սովորեցնում՝ ինչպես հաղթահարել հակամարտությունները՝ թե՛ միջանձնային, թե՛ միջազգային մակարդակներում։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը մեր պատասխանատվությունն է, և աշխարհը կարող է փոխվել, եթե յուրաքանչյուրը ներգրավվի ուրիշների տառապանքի ամոքման մեջ, համերաշխ լինի թույլերի և ճնշվածների հետ, դադարի մեղադրել ուրիշներին և փոխարենը ընդունի սեփական սխալները։
Վերջում Լևոն XIV-ը տասը լեզվով մաղթել է, որպեսզի Քրիստոսի խաղաղությունը տիրի մարդկանց սրտերում և ընտանիքներում։
Ռոյթերս գործակալությունը նկատել է, որ մայիսին ընտրված Լևոն XIV-ի ելույթներն ունեն ավելի զուսպ ու դիվանագիտական ոճ, քան իր նախորդ Ֆրանցիսկոս պապինը, և նա սովորաբար խուսափում է քաղաքական թեմաներից։ Այնուամենայնիվ, նոր պապը վերջին շրջանում մի քանի անգամ անդրադարձել է Գազային և անցած ամիս հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակ լուծումը պետք է նախատեսի պաղեստինյան պետության ստեղծում։