Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- ասված է դեսպանության պատասխանում։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի մոտ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ըստ պետքարտուղարությունում Associated Press-ի աղբյուրների՝ նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։