Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Թերևս սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- գրել է նա։
Նախօրեին ադրբեջանական պետական APA գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝
սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը: Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:
Գործակալության տվյալով՝ երկաթուղով Հայաստան կուղարկվի SOCAR-ի «ԱԻ»-95 մակնիշի 22 վագոն բենզին: Վրաստանից արձագանքել են տեղեկությանը: