Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:
«Վերջին շրջանում մենք իսկապես ականատես ենք եղել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացմանը։ Այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ երկու երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքին քաղաքական ու ոլորտային համապատասխան գերատեսչությունների միջև։ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
Այս տարի Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկխոսության շրջանակում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։ Այդ պայմանավորվածությունները ներառում են Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործարկումը, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղու և Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ տարածաշրջանային փոխկապվածության տեսակետից առանցքային նշանակություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը։
««ԹՐԻՓՓ ուղի» նախագծի հետ միասին այն կձևավորի միասնական երկաթուղային ցանց՝ կապելով Հարավային Կովկասի երեք երկրներն ու հարևան տարածաշրջանները։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ օրեր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչները անցկացրել են այդ երկաթուղու վերականգնմանն ու շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը, ինչը վկայում է գործընթացի շարունակական և գործնական բնույթի մասին։
Մենք լիահույս ենք, որ Վաշինգտոնում եռակողմ հռչակագրով ամրագրված ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքներն ու «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի շուտափույթ իրականացումը կստեղծեն այն բարենպաստ միջավայրը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել կարևորագույն հաջորդ քայլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու ենթակառուցվածքների լիարժեք բացմանը։
Ամփոփելով կարող եմ նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Գրիգորյանը։