Համբուրգում ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորություններին:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել, որովհետև նաև «Խաղաղության խաչմերուկի» և «Թրիփ ուղի» նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում, և ոչ միայն երկաթուղային, [այլև] ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այժմ իր համար վերջնական համոզմունք է ձևավորվել, որ ապագայում՝ մի իքս պահի, Կենտրոնական Ասիայից Եվրոպա կանաչ ջրածնի խողովակաշար է գալու:
«Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը նշանակում է՝ այդ պոտենցիալ խողովակաշարը ևս մեկ լրացուցիչ երթուղու հնարավորություն ստանա, որը ձեռնտու է և՛ մեր տարածաշրջանի երկրներին, և՛ Եվրամիության երկրներին»,-ասաց նա: