Մենք բազմիցս ասել ենք, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ՀՀ-ի համար առաջին հերթին լրացուցիչ և կարևոր խթան է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը հետևողական շարունակելու և այդ ուղղությամբ ռազմավարական խթաններ ունենալու համար։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն բարեփոխումները, որոնք հնարավոր էր իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացված են։
«Հիմա միայն քաղաքական կամքը բավարար չէ բարեփոխումների հաջող ընթացքի համար, որովհետև մենք ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման խնդիր ունենք, և իհարկե, մեզ համար շատ կարևոր է նաև Եվրոպայի լավագույն ժողովրդավարական փորձը, որը բերում է նաև բարեկեցության, տնտեսական զարգացման, ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի։ Մենք այդ փորձին և գիտելիքին հասանելիություն կունենանք։ Վերջերս նաև Եվրամիության հետ մենք ռազմավարական գործընկերության օրակարգը ստորագրեցինք, և նաև Գերմանիան այդ հարցում մեզ աջակցություն է ցուցաբերել, որը արտահայտվել է կոնկրետ գործողություններով»,-նշել է Փաշինյանը՝ ընդգծելով Գերմանիայի դերը նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններում։
«Ուրախ եմ, որ Գերմանիան նաև աջակցում է Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և, ի վերջո, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և ես պարոն կանցլերին նաև պատմել եմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք ու որակ հաղորդել մեր գործընկերությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։