Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման, սակայն դեռ նախադրյալներ չի տեսնում քաղաքական երկխոսության վերսկսման համար՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանից։
«Վրաստանի հետ Ռուսաստանի քաղաքական երկխոսության վերսկսման համար նախադրյալները բացակայում են, քանի որ Թբիլիսին հետևում է դեռևս Սաակաշվիլու ռեժիմի որդեգրած դիրքորոշմանը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան չճանաչելու հետ։ Դա վնասակար է հենց Վրաստանի համար և անիրատեսական պահանջ է։ Մոսկվան ընդգծել է, որ հանրապետությունների պետականությունը ճանաչելու որոշումներն անշրջելի են»,- նշել են գերատեսչությունից։
ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման ուղղությամբ քայլերի համար այնքան, որքան Թբիլիսին ինքն է պատրաստ դրան։
«Գնդակը Վրաստանի դաշտում է, և կարծում ենք, որ հենց նրանք պետք է դրանում մյուսներից ավելի շատ շահագրգռված լինեն»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։