Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին։
Միջոցառման նպատակն էր ամրապնդել հանրային և մասնավոր հատվածների միջև կառուցողական, բաց և հաշվետու համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ ձևավորված առաջարկների քննարկման միջոցով։
ԿԲ-ից հայտնում են՝ աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետական մարմինների, գործարար համայնքի և համապատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել են պանելային քննարկումներ երեք թեմատիկ ուղղություններով՝ ներդրումային միջավայրի բարելավման ուղիներ, կարգավորումների և վարչարարության կանխատեսելիություն, ինչպես նաև հաշվետու և մասնակցային կառավարում։ Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները գործարար միջավայրի երկարաժամկետ բարելավման համար։ ԿԲ նախագահը քննարկմանը խոսել է կապիտալի շուկայի ընդհանուր զարգացումների և ապագա մարտահրավերները հաղթահարելու ուղիների վերաբերյալ:
Աշխատաժողովը կարևոր հարթակ էր ոլորտային խնդիրները համատեղ քննարկելու և ռազմավարական լուծումներ ձևակերպելու համար, որոնք կխթանեն Հայաստանի գործարար միջավայրի մրցունակության և կանխատեսելիության բարձրացմանը՝ ի նպաստ երկրի տնտեսության զարգացման։