Ջերմուկում ընթացող «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ խոսակցությունը, որը տեղի է ունենում այս ձևաչափով, շատ պահանջված է:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորել է, որ գործարար համայնքը Կառավարության հետ հարցերը քննարկելու նաև այսպիսի ձևաչափ ունենա, որտեղ հնարավոր կլինի քննարկել նաև ավելի ընդլայնված կազմով:
«Որովհետև, այսպես թե այնպես, գործարար համայնքի ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով՝ գրավոր թե բանավոր, քննարկումներ ունենում են, բայց կարևոր է նաև, որ ընդհանրական լինեն քննարկումները, որպեսզի մենք մասնավոր դեպքերից կարողանանք դուրս բերել այն երևույթները, հաջողությունները ու խնդիրները, որոնք ունեն ընդհանրական նշանակություն:
Իհարկե, խնդիրների քննարկումը շատ էական և կարևոր է, բայց ուզում եմ նաև ասել, որ այս խնդիրների քննարկմանը զուգահեռ և խնդիրների քննարկման համատեքստում ես այս ձևաչափի համար շատ կարևոր տեսակետից կարևոր գործառույթ եմ պատկերացնում, որը պետք է զուգորդի կամ զուգորդվի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-հոգեբանական գործընթացներում:
Ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ: Տեղի է ունենում մտածողության որոշակի փոփոխություն, և ես կարծում եմ, որ քաղաքական և սոցիալ-հոգեբանական այդ շերտերի փոփոխությանը զուգահեռ մենք պետք է նաև տնտեսական մտածողության որոշակի փոփոխություն ունենանք, որովհետև արդեն տևական ժամանակ ես այդ խնդիրը զգում եմ և նկատում եմ: Եվ դա ինչ-որ տեղ բնական է:
Սա ասում եմ որպես մեր սեղանին դրված հարց, որը մենք պետք է լուծենք, որովհետև տնտեսության մեջ էլ մենք հաճախ առերեսվում ենք մտածողության ձևերի և բանաձևերի հետ, որոնք համարժեք չեն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Ընդ որում՝ ես նկատի ունեմ թե՛ Կառավարությունում, թե՛ պետական մարմիններում և թե՛ գործարար համայնքում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն այդ առումով կարևորեց տնտեսական մտածողության փոփոխության մասին խոսելը, քանի որ վերջին 5 տարում մենք միջինում ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ինչը շատ լավ է:
Վարչապետի խոսքով՝ դա բոլորի աշխատանքի արդյունքն է:
Նիկոլ Փաշինյանն այդ արդյունքի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ գործարար համայնքի ներկայացուցիչներին, ՀՀ-ում աշխատող և արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին, սակայն նկատեց՝ մենք բոլորս մտնում ենք մի փուլի մեջ, որտեղ տնտեսական քաղաքականության ձևավորման, մտածողության մեր ձևերը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու մտածողության մեր ձևերը առնվազն պետք է վերանայենք:
«Մենք պետք է այն համապատասխանեցնենք ոչ թե այսօրվան, որովհետև այսօրվան համապատասխանեցնելը նշանակում է՝ ուշանալ միշտ: Այսօր մենք պետք է խոսենք ընթացքին, դինամիկային և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններին և զարգացումներին մեր մտածողությունը համապատասխանեցնելուն, որովհետև մեր տնտեսությունը և մենք էլ գլոբալ աշխարհի մաս ենք և պետք է մեր մտածողության և գործողության ձևերով կարողանանք համահունչ լինել աշխարհի զարգացումներին»,- ընդգծեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: