Նոյեմբերի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում է նախարարությունը:
Հանդիպումը մեկնարկել է ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, ֆիշինգ հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն տալով գնահատելու թեմայի շուրջ նրանց տեղեկացվածության մակարդակը:
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է կիբեռանվտանգության ներկա մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության կիրառությունների հնարավոր ռիսկերն ու առավելությունները, դիփֆեյքերի ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները։
Կիբեռանվտանգության իրազեկման արշավը նպատակ ունի ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ: