Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրադրությունը և ռազմական կարիքները: Զելենսկու խոսքով՝ հարկավոր է շարունակել հարվածները ռուսական ուժերին և կատարել մարտական առաջադրանքները, քանի որ դա հնարավորություն կտա բանակցել Ուկրաինայի համար շահավետ դիրքերից:
Իսկ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ որպեսզի Ուկրաինայում պատերազմն իսկապես ավարտվի, հարկավոր է, որ կրճատվեն Ռուսաստանի բանակի թվաքանակը և ռազմական բյուջեն:
ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Կայա Կալասը նաև հայտարարել է, որ խաղաղության շուրջ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի զիջումներ նաև ռուսական կողմից:
Ըստ առաջարկվող ամերիկյան ծրագրի՝ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ համաձայնելով դադարեցնել ռազմական գործողությունները՝ Մոսկվան արդեն իսկ զիջման է գնում: