Ավստրալիայի կառավարությունը պահանջել է, որ դեկտեմբերի 10-ից սոցցանցերը «խելամիտ միջոցներ» ձեռնարկեն և մինչև 16 տարեկան ավստրալացի դեռահասների համար անհնարին դարձնեն իրենց հարթակների հասանելիությունը: Արդեն գոյություն ունեցող օգտահաշիվները պետք է ապաակտիվացվեն կամ ջնջվեն:
Ավստրալիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման արգելք է սահմանում, և որոշումը պաշտպանում են բազմաթիվ ծնողներ: Կառավարությունը պնդում է, որ սոցիալական ցանցերում երեխաները ենթարկվում են ռիսկերի ու բացասական ազդեցությունների:
Այս տարվա սկզբին կառավարության պատվիրած ուսումնասիրությունից պարզվել է, որ 10-15 տարեկան երեխաների 96%-ը օգտագործում է սոցիալական ցանցեր, 10-ից 7-ը հանդիպել են վնասակար բովանդակության նյութերի, որոնք ներառում են կանանց նկատմամբ ատելություն, սննդային խանգարումներ և ինքնասպանության քարոզ, ինչպես նաև կռիվների տեսանյութեր:
7 երեխայից մեկը հայտնել է մեծահասակների կամ ավելի մեծ դեռահասների կողմից սեռական ոտնձգության փորձերի մասին, կեսից ավելին ասել է, որ ինքը կիբեռհարձակման զոհ է եղել:
Ավստրալիայի կառավարությունն առայժմ նշել է արգելքի ենթակա տասը հարթակ՝ Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Reddit, ինչպես նաև Kick ու Twitch սթրիմինգային ծառայությունները: